«Ինչպես եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին և վերադարձի հեռանկարին» հարցին ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ամեն երկրի նախկին նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը տարիներ անց Սերժ Սարգսյանը, իրավունք ունի իր ղեկավարած երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ իր տեսակետներն արտահայտել: Մենք պետք է ըմբռնումով վերաբերվենք այդ տեսակետներին: Ռոբերտ Քոչարյանի տեսակետները ես բաժանում եմ երկու մասին՝ բովանդակային և քաղաքական: Քոչարյանի բովանդակային հարցադրումներին բովանդակային պատասխան պետք է տան կառավարության համապատասխան ոլորտների ներկայացուցիչները: Այդ պատասխանը տրվել է: Եթե չի բավարարում, պետք է շարունակել պատասխանները հնչեցնել: Նույնը վերաբերում է որևէ այլ նախագահի ու վարչապետի բարձրացրած հարցադրումներին: Օրինակ, Հրանտ Բագրատյանը հանդես է գալիս սուր տնտեսական քննադատությամբ: Մենք պետք է այդ բովանդակային քննադատությանը հստակ պատասխաններ տանք: Իսկ հասարակությունը պետք է լսի, համադրի, վերլուծի և եզրակացություններ անի արված հացադրման և տրված պատասխանի վերաբերյալ: Քաղաքական մասով՝ կարո՞ղ է արդյոք Ռոբերտ Քոչարյանը վերադառնալ առավել ակտիվ քաղաքական հարթակ: Այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախևառաջ Ռոբերտ Քոչարյանից: Ես նման հավանականությունը բացառելը համարում եմ քաղաքական սնանկություն, բայց դա նրա որոշելիքն է, հաշվի առնելով, որ այսօրվա ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանը ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն»: